Աշխարհի 110 նվագախումբ է ղեկավարել Օհան Դուրյանը։ Մեծ են դիրիժորի ծառայությունները հայ երաժշտական արվեստի զարգացման գործում։ Ժամանակին նա ստեղծեց Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, եղավ այդ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը։ Ցավոք, այդ նվագախումբն այսօր արդեն չկա։
Դիրիժորը եղել է նաև մեր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Նրա «խոսող ձեռքերը» հիացմունք են պատճառել թե՛ ունկնդրին, թե՛ երաժշտագետներին։
Օհան Դուրյանը ստեղծագործել է և որպես կոմպոզիտոր. Դեռ կենդանության օրոք լույս է տեսել նրա երգերի երիզը։ Իսկ կոմպոզիտորի «Կոմիտասիան» հաճախ է հնչել տարբեր նվագախմբերի կատարմամբ։ Դուրյանն իրեն համարում էր «վարժ» կոմպոզիտոր։
Օհան Դուրյանը հաճախ էր մտորում դիրիժորական արվեստի մասին։ Ըստ նրա, մինչ այսօր այդ արվեստը չի հասկացվել, մութ է մնացել։ Նրան համամիտ էին և այլ տաղանդավոր դիրիժորներ, այդ թվում` Եվգենի Սվետլանովը։
-Շատերը կարծում են,- ասում էր Դուրյանը,- թե դիրիժորական արվեստը լավ չափ տալն է, ստեղծագործական կառուցվածքի մեկնաբանումը, երաժիշտների կողմից նոտաները ճիշտ նվագելը։ Այդ դեպքում ունկնդրի ականջին կհասնեն միայն կոմպոզիտորի նոտաները։ Բայց չէ՞ որ նոտաների մեջ կա կոմպոզիտորի հոգին, և այդ հոգին կմնա դուրսը։ Եվ հաշվի առնելով դա, դիրիժորն այնքան պետք է ապրի կոմպոզիտորի հոգին ու զգացմունքները, որ ասես ինքը լինի կոմպոզիտորը։ Կարծես թե այդ րոպեին պուլտի մոտ կանգնած է ոչ թե այդ մարդը` դիրիժոր ասվածը, այլ կոմպոզիտորն ինքը։ Դիրիժորը պետք է փոխարինի կոմպոզիտորին։ Ինչպես դաշնակահարը, երբ նվագում է, փոխարինում է կոմպոզիտորին, այդպես էլ` ջութակահարը։ Այդպես էլ դիրիժորը։ Երբ ես ղեկավարում եմ Շոստակովիչ, ես Օհան Դուրյանը չեմ, ես Շոստակովիչն եմ, եթե ես կատարում եմ Բրամս, ես Բրամսն եմ... Սա մեծամտություն չէ։ Ստեղծագործություն ղեկավարելը աղոթք է, ոչ թե եկեղեցու աղոթք, այլ հարգանք կոմպոզիտորի հանդեպ։
Դիրիժորի գործիքը օրկեստրն է։ Եթե դիրիժորը խոր չզգա կոմպոզիտորին, ուրեմն ինքը պետք չէ։
Դիրիժոր աշխարհում գրեթե չկա։ Շատ լավ չափ տվողներ կան, մեծ համբավ ունեցող, լիքը... բայց իսկապես կոմպոզիտորի հոգին արտացոլողը և մեկնաբանողը Կարայանն է։ Ես միայն նրան եմ ընդունում դիրիժոր, ինչպես ես հասկանում եմ։ Կարայանը մեծ ուժ և երաժշտական հասկացողություն ունի։
Երբ Կարայանը ղեկավարում էր, նա տեղից չէր շարժվում։ Եվ դա ճիշտ է. դիրիժորը չպետք է շարժվի։ Ոչ մի տեղ չի գրված աջ ու ձախ դառնա, երաժիշտներին տեմպերամենտ հաղորդի... Բայց, դժբախտաբար, Կարայանը շոու անելու տրամադրություն միշտ ուներ։ Օրինակ, Չայկովսկու 2-րդ Սիմֆոնիայում 2 շեփոր է։ Կարայանը դնում է 4 շեփոր։ Ինչ խոսք, 4-ը ավելի լավ կհնչի, քան 2-ը։ Նրա նպատակն է, որ ավելի ուժեղ հնչի, ավելի մոնումենտալ։ Բայց կոմպոզիտորը գրել է 2 շեփորի համար։ Դա պետք է հարգել։ Չնայած իմ հարգանքին Կարայանի հանդեպ, այդպիսի բան ես չեմ ընդունում։ Եվ խորհուրդ չեմ տալիս երիտասարդ դիրիժորներին հետևելու դրան։
Կարայանը մեծ դիրիժոր էր և կկարողանար լավ կատարում ստանալ առանց գործիքներ ավելացնելու, ինչը չկա կոմպոզիտորի մոտ։
Դժբախտաբար, Կլաուդիո Աբադոն էլ Չայկովսկու նույն սիմֆոնիայում հետևեց Կարայանին, մտածելով, որ կասեն` Կարայանի ղեկավարությամբ ավելի հզոր է հնչում։ Դա մեծ սխալ է, աղավաղվում է կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Ցավոք, ոչ մի երաժշտագետ մինչև այսօր չի համարձակվել այդ մասին գրել մամուլում։
Օհան Դուրյանը պրպտող արվեստագետ էր։ 20 տարի նա աշխատեց երաժշտական սիստեմի վրա, որն անվանեց ունիվերսալիզմ։ Դա 40-էջանոց գործ է, որից օգտվելով երաժիշտները կարող են ստեղծել միլիարդավոր գործեր տարբեր ոճերով` հին ոճից մինչև մոդեռն.
-Կոմպոզիտորները չգիտեն, թե ինչ նոր բան գրեն։ 12 նոտայով էնքան բան է գրվել։ Արդեն չգիտեն, ոնց շուռ տան նոտաները։ Դրա համար էլ օգտագործում են լույսեր, աղմուկ, էլեկտրոնիկա ու ասում են` նոր երաժշտություն է, չեք հասկանում։ Իսկ երաժշտությունը գրվում է նրա համար, որ ապրեցնի մարդկանց հոգին, մնա մինչև վերջ մարդու հոգու մեջ, և նա ուզենա միշտ լսել։ Եթե գործը մի անգամ կատարվի ու մոռացվի, չարժե գրել։ Երաժշտությունը նրա համար է, որ մնա, մնայուն լինի։ Իմ սիստեմը հնարավորություն է տալիս նոր գործեր ստեղծելու։ Կոմպոզիտորը կմնա պատմության մեջ միայն այն ժամանակ, երբ ստեղծի նոր ոճ։ Բեթհովենի, Մոցարտի, Բրամսի, Հայդնի, Բախի ժամանակ լիքը կոմպոզիտոր կար։ Մնացին այդ հսկաները ու կմնան մինչև աշխարհի վերջը։
Սովետական Միությունում շատ տաղանդավոր կոմպոզիտորներ կային։ Բայց այսօր աշխարհում ամեն տեղ հնչում են Շոստակովիչն ու Պրոկոֆևը։ Ո՞վ է որոշում։ Ժյուրի չկա։ Մարդկությունն ինքնաբերաբար ինքն է որոշում, կոմպոզիտորն ինքն է պարտադրում իր ոճով։
Օհան Դուրյանը և Դմիտրի Շոստակովիչը լավ բարեկամներ էին։ Դուրյանը հաճախ է ղեկավարել կոմպոզիտորի սիմֆոնիաները։
«Հրաշալի գործեր են։ Դիլիջանի կոմպոզիտորների տանը հանգստանալիս հարցրի Շոստակովիչին. -5-րդ սիմֆոնիայի թեման պղնձյա գործիքների մեջ է, իսկ ֆինալում 250 լյա կա լարայիններով և փայտայիններով։ Ի՞նչ էիք ուզում ասել այդ լյա-ներով։
Արագ-արագ գլուխը քորելով և խորամանկ ժպտալով, Շոստակովիչը պատասխանեց. «Хочу ля, ля, ля...»։ Շոստակովիչի հետ պոկեր հաճախ ենք խաղացել։ Վատ խաղացող էր։ Խորամանկություն չգիտեր, երեխայի պես սիրտը բաց էր։ Լավ մարդ էր, լավ արտիստ։ Երբ լավ քարտեր էր ունենում, ուրախանում էր, երբ վատ, քարտերը գցում էր։ Այդպես պոկեր չեն խաղում»։
Դուրյանն անմիջական, անկեղծ մարդ էր, հետաքրքիր զրուցակից հումորի նուրբ զգացումով։ 2004-ին, երբ ես հաղորդում պատրաստեցի նրա մասին, դիրիժորի մեքենայով Նորքի զանգվածից իջնում էինք դեպի կենտրոն, և ճանապարհային ոստիկանները նրան պատիվ էին տալիս։ Ես ասացի. «Մաեստրո, մեր ոստիկանները սիմֆոնիկ երաժշտություն շատ են սիրում, տեսեք, ոնց են Ձեզ ողջունում»։
Տարիներ առաջ Օհան Դուրյանը վաճառեց Մարսելի իր շքեղ տունը մեծ այգիով և տեղափոխվեց Երևան։ Այստեղ նոր տուն կառուցեց գեղեցիկ պարտեզով։ Աճեցրեց վարդեր, եղևնիներ... Մաեստրոյի ճաշակը նուրբ էր, նա լավ էր զգում գեղեցկությունը։ Նա համարում էր, որ դա իր փոքրիկ լուման էր Երևանը ծաղկեցնելու։ Իսկ Երևանը նա շատ էր սիրում։ Նա իսկական հայրենասեր էր։
-Երբ ինձ մեղադրեցին, ուզում էի հեռանալ հայրենիքից, բայց դա չարեցի։ Չէ՞ որ ես եկել էի ժողովրդի համար։ Ժողովրդի համար էլ մնացի և կմեռնեմ նրա գրկում։
Օհան Դուրյանի մարմինն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում, հայոց մեծերի կողքին։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ